top of page

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Գարեգին Բ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ

  • Writer: Armenian Assembly of America
    Armenian Assembly of America
  • Aug 12
  • 2 min read
Etchmiadzin Cathedral

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը խորապես մտահոգված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գերագույն հոգևոր խորհրդի բարձրաստիճան անդամների հետ միասին, քրեական մեղադրանք առաջադրելու փաստով, որն այժմ գտնվում է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։

 

Մեղադրանքը բխում է Մասյացոտնի թեմի առաջնորդության շուրջ ծագած վեճից։ Եպիսկոպոսների նշանակումն ու պաշտոնանկությունը սովորական վարչական հարց չէ։ Սա եկեղեցական կառավարման գործառույթ է և պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական կառույցների իրավասությանը։

 

Սա բացառապես հայկական սկզբունք չէ։ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և հստակորեն ընդունված է, որ կրոնական համայնքների՝ իրենց ներքին գործերը ղեկավարելու կարողությունն առանցքային է ազատ հասարակության համար։ Այն դեպքերում, երբ կրոնական համայնքը տարակարծիք է եկեղեցական կառավարման հարցերի շուրջ, լուծումը պետք է գա համայնքի ներսից, ոչ թե քրեական իրավունքի միջոցով։

 

Համագումարը որևէ դիրքորոշում չունի Մասյացոտնի թեմի շուրջ ծագած բուն վեճի, ինչպես նաև կանոնական իրավունքի որևէ հարցի վերաբերյալ։ Այդ հարցերը պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցու հաստատությունների իրավասությանը։

 

Մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետությանը՝ որպես ինքնիշխան ժողովրդավարական պետություն, և հարգում ենք նրա Սահմանադրությունը, օրենքներն ու ընտրված կառավարության լիազորությունները։ Եվ հենց այդ պարտավորությունների կարևորության պատճառով է, որ այս քրեական հետապնդումը մտահոգության տեղիք է տալիս։

 

Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին առաջնորդել է մեր ժողովրդին հալածանքների, բռնի տեղահանությունների և ցեղասպանության միջով՝ ծառայելով որպես ապաստան և շարունակականության թել, երբ գրեթե ոչինչ չէր պահպանվել։ Նրա անկախությունը շարունակում է մնալ աշխարհասփյուռ հայության խորին մտահոգության առարկան, և Համագումարը հենց այդ ոգով է բարձրաձայնում այս հարցը։

 

Ամերիկայի հայկական համագումարը հարգանքով հորդորում է հետ կանչել մեղադրանքը, այս հարցը լուծել Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական ընթացակարգերի միջոցով և հարգել Եկեղեցու իրավունքը՝ ղեկավարել իր սեփական ներքին գործերը։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR # 2026-30

 
 
bottom of page