Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ
- Armenian Assembly of America

- Mar 22
- 1 min read

Վաշինգտոն – 1991թ․-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը, միասնական ոգով և վճռականությամբ, հռչակեց և ապահովեց իր վաղուց փայփայած անկախությունը։ Հայերը սփյուռքում, ամբողջ նախկին Խորհրդային Միությունում և Լեռնային Ղարաբաղում վճռականորեն միասին քայլ արեցին ի նշան համերաշխության։
Այդ պատմական օրվանից ի վեր շատ բան է տեղի ունեցել, սակայն մեր ընդհանուր նպատակի աղբյուրը մնում է անսասան։ Ազատ, իր սահմանների ներքո անվտանգ Հայաստանը մնում է մեզ բոլորիս միավորող ձգտումը։ Թեև կան բազմաթիվ պատճառներ՝ բանավիճելու և համաձայնության չգալու հաջորդական կառավարությունների կողմից ընդունված քաղաքականությունների, իրադարձությունների և միջազգային համաձայնագրերի շուրջ, դրանցից ոչ մեկը չի կարող նվազեցնել 34 տարի առաջ այդ սեպտեմբերյան օրը կատարված ընտրության նշանակությունը։
Հաշվի առնելով հաջորդած ամեն ինչ՝ առավել կարևոր է վերականգնել այն հպարտությունն ու ուժը, որոնք ոգեշնչել էին հայ ժողովրդին գործել այն ժամանակ, և նոր ոգեշնչում ստանալ նրանց օրինակից։ Եկեք վերստին արթնացնենք մեր եղբայրության, ընդհանուր նպատակի և միասնության զգացումը՝ ի պատիվ այն սերնդի, որն ուս ուսի կանգնեց վախի, ճնշման և տիրապետության դեմ։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2025-37