Նահանգապետ Մորա Հիլին Ամերիկայի հայկական համագումարի Ծառայության մեծարման գալա-երեկոյի գլխավոր հյուրերից է

Updated: Sep 2
Մեծարելով վեց առաջնորդներին տասնամյակների ակնառու ծառայության համար

Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլին դիմում է հյուրերին Բոստոնի Artists for Humanity EpiCenter-ում կազմակերպված Ամերիկայի հայկական համագումարի Ծառայության մեծարման միջոցառման ժամանակ
Բոստոն, Մասաչուսեթս — Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) իր Ծառայության մեծարման շաբաթավերջն ավարտեց 2026թ․-ի հունիսի 6-ին, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի Artists for Humanity EpiCenter-ի լեփ-լեցուն դահլիճում կայացած տոնական գալա-համերգով, որի գլխավոր հյուրն էր Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլին։ Երեկոյի ժամանակ մեծարեցին դոկտոր Ռուբեն Ադալյանին, Բրայան Արդունիին, Էնթոնի Բարսամյանին, Մերի Գարաբադյանին, Վան Գրիգորյանին և Քերոլին Մուգարին՝ Համագումարի «Ակնառու ծառայության» մրցանակով՝ ի ճանաչումն յուրաքանչյուրի ավելի քան 25 տարվա ծառայության Համագումարին և ամերիկահայ համայնքին։
Ծրագիրը համատեղ վարում էին դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ դոկտոր Հենրի Բեն Մորգենթաու IV-ը, և NASDAQ-ի շուկայի կայքի թղթակից Քրիստինա Այանյանը։ Երեկոն բացվեց Հայ Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Հայր Սիմեոն Օդաբաշյանի աղոթքով, որը փոխանցեց թեմի առաջնորդ եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանի օրհնությունը, շնորհավորեց Համագումարին կես դարից ավելի քարոզչության համար և աղոթեց Միացյալ Նահանգների 250-ամյակի և 34-ամյա Հայաստանի Հանրապետության համար։ Ծառայության մեծարման հանձնաժողովի համանախագահներ՝ խորհրդի անդամ Հերման Պուրուտյանը և փորձնակների ծրագրի շրջանավարտ Լորա Բիլազարյան Պուրուտյանը ողջունեցին հյուրերին և շնորհակալություն հայտնեցին հանձնաժողովին և Համագումարի աշխատակազմին:

Վերևում՝ Քրիստինա Այանյանը և դոկտոր Հենրի Բեն Մորգենթաու IV-ը վարում են Ծառայության մեծարման միջոցառումը։ Ներքևում՝ Հայ եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Հայր Սիմեոն Օդաբաշյանը, աղոթք է կարդում՝ Բոստոնի հայ համայնքի հոգևորականների հետ միասին
Մասաչուսեթսի պատմության մեջ առաջին կին ընտրված նահանգապետ Մորա Հիլին, ով իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնապես նամակ գրեց այն ժամանակվա նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, երեկոն բացեց Մասաչուսեթսի հայ համայնքի հետ իր խորը կապերի մասին մտորումներով և հարգանքի տուրք մատուցելով մեծարվողներին։
«Ես այնքան հպարտ եմ, որ կարող եմ խոսել որպես մի նահանգի նահանգապետ, որտեղ բնակվում է Ամերիկայի ամենամեծ և ամենաաշխույժ հայկական համայնքներից մեկը... Մասաչուսեթսում բնակվող և ծագումով Մասաչուսեթսից հայերը երկարատև ազդեցություն են թողել ոչ միայն այս վայրում, այլև մեր երկրի վրա՝ իրավունքի, բիզնեսի, կրթության, բժշկության, գիտության, քաղաքականության, արվեստի ոլորտներում: Այս համայնքը շատ բան է տվել մեր նահանգին՝ հարստացնելով մեր մշակութային կառուցվածքը, մեր տնտեսությունը և մեր քաղաքներն ու գյուղերը», - ասաց նահանգապետ Հիլին։
Նահանգապետ Հիլին նաև գովեստի խոսքեր ասաց Rose Kennedy Greenway-ի վրա գտնվող Հայկական ժառանգության այգու մասին և վերահաստատեց Նահանգի հանձնառությունը Մասաչուսեթսի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասավանդման հարցում: «Որտեղ էլ որ եղած լինեմ, միշտ հպարտ եմ եղել հայ համայնքի կողքին կանգնած լինելով... իմացեք, որ ես ձեզ հետ եմ, և Մասաչուսեթսը ձեզ հետ է։ Ձեր աշխատանքը Մասաչուսեթսը դարձրել է ավելի լավ վայր։ Ձեր աշխատանքը այս երկիրն էլ ավելի լավ վայր է դարձրել», - ասաց նա։
Այնուհետև ելույթ ունեցավ Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Թալին Յակուբյանը՝ խոսելով Համագումարի ավելի քան հինգ տասնամյակների սկզբունքային, անկուսակցական քարոզչության մասին: «Երբ Մասաչուսեթսի նահանգապետը գալիս է ամերիկահայերի երեկույթի, դա արտացոլում է այն, ինչ ձեր համայնքը ձեռք է բերել հավաստիության, հետևողականության և սկզբունքային քարոզչության միջոցով», - ասաց Յակուբյանը։
«Մենք այստեղ չենք որևէ կառավարության համար։ Մենք այստեղ չենք որևէ կուսակցության համար։ Մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար՝ այս սփյուռքում և Հայաստանում... Մեր աշխատանքն է ապահովել, որ ինչ էլ որ պատահի, հայ ժողովուրդը բանակցությունների սեղանի շուրջ ունենա իր պաշտպանը՝ հավաստի, որը կպաշտպանի, կարժանանա վստահության և արդյունավետ կլինի դեռ տասը, հիսուն տարի անց։ Պատմությունը երկար հիշողություն ունի, և մենք մտադիր ենք լինել դրա ճիշտ կողմում», - շարունակեց նա։
Այնուհետև «Գաղտնի եռյակը»՝ Արա Դինքջյանը՝ ուդ, Իսմայիլ Լումանովսկին՝ կլառնետ, և Թամեր Փընարբաշին՝ քանոն, հանդես եկան համաշխարհային երաժշտության կատարումներով՝ համատեղելով Մերձավոր Արևելքի, Բալկանյան, ջազի և դասական ավանդույթները։

(ձախից աջ)․ Խորհրդի անդամ Վալինա Աղբաբյան, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվե, դոկտոր Նուբար Աֆեյան, համանախագահ Թալին Յակուբյան, Աննա Աֆեյան, նահանգապետ Մորա Հիլի, Էնթոնի Բարսամյան, Քերոլին Մուգար, Բրայան Արդունի, համանախագահ Օսկար Թաթոսյան և խորհրդի անդամ Հերման Պուրուտյան
Մրցանակաբաշխության հատվածի բացման արարողության ժամանակ Այանյանը մեծարեց Մորգենթաու ընտանիքի դարավոր կապը հայ ժողովրդի հետ։ «Ձեր ընտանիքի ժառանգությունն է պատճառը, որ մեզանից շատերն այսօր այստեղ են։ Քիչ ոչ հայ ընտանիքներ են այնքան ինտեգրված հայկական պատմության մեջ, որքան Մորգենթաու ընտանիքը», - ասաց նա։
Ավելի քան մեկ դար առաջ, դեսպան Հենրի Մորգենթաուն, ով 1915թ․-ին ծառայում էր որպես ԱՄՆ դեսպան Օսմանյան կայսրությունում, դարձավ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին իրազեկող ամենահզոր ձայներից մեկը՝ բարձրաձայնելով, երբ շատերը հայացք էին թեքում։ Այանյանը կիսվեց դեսպանի խոսքերով. «Ես վստահ եմ, որ մարդկային ցեղի ամբողջ պատմության մեջ չկա այսպիսի սարսափելի դրվագ»։
Դոկտոր Մորգենթաուն, որի մայրը 1939թ․-ին Վիեննայից փախել էր Հոլոքոստից, մտորում էր այդ ժառանգության մասին։ «Ինձ համար սա իսկական պատիվ է։ Ես ինձ բախտավոր և երախտապարտ եմ զգում, որ ծնվել եմ այս ժառանգության մեջ... Երբ նայում եմ այս կենսուրախ և հպարտ հայ ակտիվիստներով լի դահլիճին և երբ լսում հայ հերոսների նորագույն սերնդի մասին պատմությունները, գիտեմ, որ կարող եմ պատմել իմ նախապապին, որ հայ ժողովրդի ոգին ուժեղ է և դիմացկուն», - ասաց դոկտոր Մորգենթաուն։
«Չնայած մենք երբեք չենք մոռանում և երբեք չենք դադարում տխրել մեր անցյալի դժվարությունների համար, մենք նաև տոնում և շնորհակալություն ենք հայտնում կյանքի ընձեռած ամեն լավի համար, և այս երեկոն տոնելու ժամանակ է», - շարունակեց նա։

(վերևում, ձախից աջ). Էնթոնի Բարսամյանը իր ողջույնի խոսքի ժամանակ. Վան Գրիգորյանը ստանում է իր մրցանակը, որին միանում են Հենրի Մորգենթաու V-ն և համանախագահ Թալին Յակուբյանը, Քերոլին Մուգարը իր ողջույնի խոսքի ժամանակ, (ներքևում, ձախից աջ). Դոկտոր Ռուբեն Ադալյանը ստանում է իր մրցանակը Վան Գրիգորյանից, Բրայան Արդունին ստանում է իր մրցանակը Էնթոնի Բարսամյանից, Մերի Գարաբադյանը ստանում է իր մրցանակը Քերոլին Մուգարից և Թալին Յակուբյանից
Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը «Ակնառու ծառայության» մրցանակ հանձնեցին խորհրդի երեք պատվավոր անդամների, որոնց համատեղ ծառայությունը ընդգրկում է Համագումարին նվիրվածության ավելի քան 150 տարի․
Առաջինը անմիջապես նախկին հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանն էր, ով բիզնեսի և ժառանգության պլանավորման փաստաբան է, Hutchings, Barsamian, Mandelcorn & Zeytoonian, LLP-ի գործընկեր-կառավարիչ և Մասաչուսեթսի եկեղեցիների խորհրդի առաջին ամերիկահայ ընտրված նախագահն է, որի տասնամյակների ծառայությունը Համագումարի անկյունաքարն է եղել։ Մրցանակը ընդունելով՝ Բարսամյանը կիսվեց իրեն շատ հոգեհարազատ մի ասացվածքով. «Երբ կիսում ես վիշտը, այն բաժանվում է։ Երբ կիսում ես ուրախությունը, այն բազմապատկվում է... Սա իմ օջախն է։ Դուք բոլորդ իմ ընկերներն եք, ընտանիքը, զարմիկները, քույրերը, եղբայրները»։
Հաջորդը պատվավոր նախագահ Վան Գրիգորյանն էր, որի կապը Համագումարի հետ սկսվեց 1977թ․-ին։ Հետագա տասնամյակների ընթացքում նա հեղինակեց Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը, ներկայացրեց Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանում և հանդիսացավ Հայկական ազգային ինստիտուտի հիմնադիր խորհրդի անդամ և նախագահ, 2017թ․-ին նա պարգևատրվեց Հայաստանի շքանշանով և Պատվո մեդալով։ «Արտակարգ մտքի և հսկայական սրտի տեր մարդ», - ասաց Թաթոսյանը՝ մրցանակը հանձնելիս։ «Վանը տարիների ընթացքում առաջնորդել է Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանության կանխարգելման ջանքերը»։
Խորհրդի երրորդ մեծարվող անդամը պատվավոր նախագահ Քերոլին Մուգարն էր, ով ներգրավված է Համագումարի հետ աշխատանքներում 1974թ․-ից ի վեր: 1994թ․-ին նա համահիմնադրեց «Armenia Tree Project»-ը, որը մինչ օրս տնկել է ավելի քան տասը միլիոն ծառ ամբողջ Հայաստանում, ծառայեց որպես «Farmer Aid» ծրագրի գործադիր տնօրեն՝ 1985թ․-ին հիմնադրումից մինչև 2025թ․-ի հունվարը, և Հայկական ազգային ինստիտուտի հիմնադիր խորհրդի անդամ է: «Սա իսկապես թիմ է... մենք անցել ենք լավի ու վատի միջով, կռվել ենք միմյանց հետ, ծիծաղել ենք միմյանց հետ, լաց ենք եղել միմյանց հետ, և դա աշխատում է», - ասաց Մուգարը: «Այնպես որ, ես խորհուրդ եմ տալիս չհամաձայնվել մարդկանց հետ, հատկապես, երբ իրոք այդպես եք կարծում»:

(ձախից աջ): Համանախագահ Թալին Յակուբյան, դոկտոր Ռուբեն Ադալյան, Վան Գրիգորյան, Մերի Գարաբադյան, Քերոլին Մուգար, Էնթոնի Բարսամյան, Բրայան Արդունի և համանախագահ Օսկար Թաթոսյան
Այնուհետև Խորհրդի անդամ պարգևատրվածները հերթով բարձրացան ամբիոնի մոտ՝ յուրաքանչյուրը մրցանակ հանձնելով Համագումարի աշխատակազմի անդամներից մեկին։
Գրիգորյանը ներկայացրեց Հայկական ազգային ինստիտուտի (ANI) տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանին, ով միացավ Համագումարին 1987թ․-ին և իր կյանքի աշխատանքը նվիրել է Հայոց ցեղասպանության փաստագրմանը, հետազոտությանը և հաստատմանը՝ աշխատանք, որի շնորհիվ ANI-ի կայքը դարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենաշատ այցելվող ինստիտուցիոնալ ռեսուրսը՝ հասնելով ամբողջ աշխարհում ավելի քան 8 միլիոն այցելուի, և որը նրան 2023թ․-ին արժանացրեց Հայաստանի նախագահի շնորհակալական մեդալին։ «Ռուբենը տարիներ անցկացրեց ԱՄՆ արխիվներում՝ հավաքելով Միացյալ Նահանգների ունեցած բոլոր փաստաթղթերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և դրանք համադրելով 37,000 էջանոց մի հսկայական հրատարակության մեջ։ Այն փոխեց ժխտման դեմքը. դրանում կային մանրամասներ, պատմություններ և գրառումներ, որոնց գոյության մասին ոչ ոք նույնիսկ չէր էլ պատկերացնում», - ասաց Գրիգորյանը։
Իր շնորհակալական խոսքում դոկտոր Ադալյանը պատմեց դոկտոր Բեն Մորգենթաուի և նրա հոր՝ Հենրի Մորգենթաու III-ի հետ Հայաստան կատարած իր ճանապարհորդության մասին։ «Ես մինչ օրս գնահատում եմ այդ հարաբերությունները, քանի որ Հենրի III-ը ճանաչում էր դեսպանին, և ի՞նչը կարող է պատմաբանին ավելի շատ հաճույք պատճառել, քան հենց աղբյուրից տեղեկանալը», - ասաց Ադալյանը։
Բարսամյանը ներկայացրեց գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ով ծառայել է Համագումարին 28 տարի և ղեկավարել է այն որպես գործադիր տնօրեն 2005թ․-ից ի վեր, այդ թվում՝ 2019թ․-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի պատմական ընդունման ընթացքում։ «Մենք հոգ ենք տանում հայ ժողովրդի մասին. սա է Հայկական համահումարի նպատակը։ Ամեն օր մենք փորձում ենք փոփոխություն կատարել հայ ժողովրդի բարօրության համար... Ես այս մեծարումը նվիրում եմ իմ որդիներին՝ որպես գալիք սերնդի, և բոլոր նրանց, ովքեր կգնան մեր քայլերով», - ասաց Արդունին։
Եվ Մուգարը ներկայացրեց արխիվագետ Մերի Գարաբադյանին, որը միացավ Համագումարին 1991թ․-ին և, որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր, ավելի քան երեք տասնամյակ պահպանել է կազմակերպության ինստիտուցիոնալ հիշողությունը՝ որպես դրա ամենահուսալի և սիրելի ներկայություն։ «Մերին այն մարդն էր, ով ամեն ինչ միավորված պահեց... Ես կասեի, որ դու աննկատ հերոս ես, բայց այսօր երեկոյան դու մեծարված հերոս ես», - ասաց Մուգարը։

Համագումարի ցմահ հոգաբարձուներ դոկտոր Նուբար Աֆեյանը և Աննա Աֆեյանը մեծարման խոսքով հանդես եկան վեց մրցանակակիրների պատվին
Մրցանակաբաշխության արարողությունն ավարտվեց Համագումարի ցմահ հոգաբարձուներ Աննա Աֆեյանի և Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և նախագահ, ինչպես նաև Aurora մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր՝ դոկտոր Նուբար Աֆեյանի մեծարման խոսքերով։
Աֆեյան հիմնադրամի հոգաբարձու և համանախագահ Աննա Աֆեյանը Քերոլին Մուգարին առանձնացրեց որպես «փայլուն օրինակ դահլիճում ներկա բոլոր կանանց համար» և մարտահրավեր նետեց համայնքին. «Ես ուզում եմ ավարտել՝ խրախուսելով մեզ բոլորիս՝ բավարար հնարավորություն ընձեռել հաջորդ սերնդին առաջնորդելու, այլ ոչ թե միայն մասնակցելու համար... Նրանք լավ կրթված են, լի են գաղափարներով և էներգիայով, և նրանք կարող են մեր կազմակերպություններն ու մեր ամբողջ համայնքը հասցնել արդիականության և կարևորության մեկ այլ մակարդակի»։
Դոկտոր Աֆեյանը մտորեց Համագումարի հիմնադրման նպատակի մասին՝ ցեղասպանությունից և տեղահանումից հետո. «Մեր պարտականությունն է կանխել հայերի մասնատումը, որը սկսվեց ավելի քան մեկ դար առաջ՝ վերաինտեգրման միջոցով: Հայկական համագումարի ուժը նրանում է, որ ավելի քան 50 տարի այն ճանաչել էր, որ մենք կարող էինք գոյատևել մեր հայրենիքից հեռու՝ որպես սփյուռքահայ համայնք, քանի դեռ ունեինք միմյանց... Ինձ համար անվան մեջ գլխավոր բառը համագումարն է», - ասաց նա։
«Մեր համայնքը վերածնվում է Կապիտոլիումի բարձունքում վրա տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր ֆինանսավորվող փորձնակների ծրագրի, այսպիսի յուրաքանչյուր տոնակատարության հետ», - շարունակեց դոկտոր Աֆեյանը՝ ավարտելով Վիլյամ Սարոյանի 1935թ․-ի հայտնի խոսքերով՝ աշխարհի ցանկացած վայրում երկու հայերի հանդիպման մասին. «Հայկական համագումարն ավելի քան 50 տարի է, ինչ կառուցում է այդ՝ որպես ամերիկահայերի հանդիպման վայրը»։

Հյուրերը դիտում են դեսպան Էդվարդ Ջերեջյանի և սենատոր Քրիս Վան Հոլենի (դեմոկրատ, Մերիլենդ) տեսաուղերձները
Տեսաուղերձներով հանդես եկան դեսպան Էդվարդ Ջերեջյանը, ով աշխատել է որպես ԱՄՆ դեսպան Սիրիայում և Իսրայելում, ինչպես նաև որպես Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ, և սենատոր Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ): Դեսպան Ջերեջյանն ընդգծեց, որ Համագումարի հիմնական առաջնահերթություններից մեկը «քաղաքացիական մտածողությամբ առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորումն է», հավելելով. «Մեզ անհրաժեշտ է, որ ավելի շատ ամերիկահայեր մտնեն պետական ծառայության՝ ընտրված, նշանակված, քաղաքացիական ծառայության, արտաքին ծառայության մեջ, քանի որ դա կարևոր է։ Դա փոփոխություն է բերում»։
Սենատոր Վան Հոլենը ողջունեց մեծարվողներին և Համագումարի տասնամյակների գործընկերությունը՝ նշելով դրա առաջատար դերը Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի և Մարդասիրական օգնության միջանցքի ակտի հարցում, ինչպես նաև դրա դերը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ապահովելու գործում 2021թ․-ին։ «Ես պահանջում եմ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող բոլոր հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին... Շնորհակալություն եմ հայտնում ձեր տասնամյակների ծառայության, արդարությանը ձեր անսասան նվիրվածության և բոլորի համար ավելի լավ ապագա կառուցելու նվիրվածության համար։ Առա՛ջ միասին», - ասաց սենատոր Վան Հոլենը։

Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ Թամար Օ'Բրայեն Բարսամյանը և Քարոզչական գագաթնաժողովի եռակի կրթաթոշակառու Սուսաննա Խառատյանը պատմում են Համագումարի ուսանողական ծրագրերի մասին
Ընթրիքից հետո Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ Թամար Օ'Բրայեն Բարսամյանը և Փորձնակների ծրագրի շրջանավարտ ու Քարոզչական գագաթնաժողովի եռակի կրթաթոշակառու Սուսաննա Խառատյանն իրենց ելույթներում լուսաբանեցին Համագումարի ուսանողական ծրագրերը, որոնք 1977թ․-ից ի վեր վերապատրաստել են ավելի քան 1200 փորձնակների, իսկ Քարոզչական գագաթնաժողովի կրթաթոշակառուների ծրագրի 2024թ․-ին 20 ուսանողներից բաղկացած պիլոտային խմբից հասավ 130 կրթաթոշակառուի 2026թ․-ին։

«Գաղտնի եռյակ»․ Իսմայիլ Լումանովսկի՝ կլառնետ, Արա Դինքջյան՝ ուդ և Թամեր Փընարբաշի՝ քանոն, հանդես եկան համաշխարհային երաժշտության կատարումներով
Եզրափակիչ խոսքերում Համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանը շնորհակալություն հայտնեց գալա-երեկոյի հանձնաժողովին, հովանավորներին, Հոգաբարձուների խորհրդին և անձնակազմին և Համագումարի խորին երախտագիտությունը հայտնեց Պոնտիշ Երամյանին և Րաֆֆի ու Նինա Ֆեստեքջյաններին՝ Հայկական համագումարի ցմահ հոգաբարձուներ դառնալու իրենց հանձնառության համար։
«Մեր ամենագլխավոր առաջնահերթություններից մեկն այն է, որ երիտասարդ ամերիկահայերը տիրապետեն առաջնորդություն ստանձնելու համար անհրաժեշտ գիտելիքներին և վստահությանը... Մեր համայնքի ապագան կախված է նրանից, թե ինչ ենք մենք կառուցում այսօր, և նրանից, թե ում ենք պատրաստում առաջնորդելու վաղը», - ասաց Թաթոսյանը։ Նա եզրափակեց՝ հիշելով բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերը Արցախ կատարած առաքելության ժամանակ. «Աստված ձեզ՝ հայերին, այս վայրում պահեց հատուկ նպատակով... Մեր պատմությունը տոկունություն և հավատք է՝ հատկապես, երբ մենք միասին ենք»։
Երեկոն եզրափակվեց ավանդական հայկական երաժշտությամբ և պարով՝ «Մալ Բարսամյան» նվագախմբի ուղեկցությամբ՝ Մալ Բարսամյան, Բրյուս Գիգարջյան և Ջեյսոն Նարոյան, որոնց միացավ նաև Արա Դինքջյանը։

Հյուրերը վայելում են ավանդական հայկական երաժշտությանն ու պարերը, «Մալ Բարսամյան» նվագախմբի ուղեկցությամբ, որին միացավ նաև Արա Դինքջյանը։ Եզրափակիչ խոսքով հանդես է գալիս համանախագահ Օսկար Թաթոսյանը։
Ձեր նվիրատվությունը՝ ի պատիվ մեր մեծարվողների և դրա ազդեցությունը, շատ ավելին է, քան մեկ երեկոն։ Մեր աջակիցների առատաձեռնությունը թույլ է տալիս մեզ ընդգծել մեր մեծարվողների աշխատանքը, բարձրացնել մեր առաքելության մասին իրազեկվածությունը և շարունակել այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք խթանում են Համագումարի աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում։

Համագումարի անդամներ, աջակիցներ և հյուրեր Ծառայության մեծարման միջոցառնամ ժամանակ



Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR # 2026-26