Համագումարը ողջունում է Սենատի հանձնաժողովի կողմից նախկին ռազմածովային ուժերի քարտուղար Փոլ Իգնեյշսին մեծարող S.2432 օրինագծի առաջխաղացումը
- Armenian Assembly of America

- Aug 6
- 2 min read

Վաշինգտոն — Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ Սենատի Հայրենիքի անվտանգության և կառավարական գործերի հանձնաժողովի կողմից երեկ ներկայացված օրինագծի առաջխաղացումը, որը ներկայացրել էր սենատոր Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) և որով առաջարկվում է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների փոստային ծառայության հաստատությունն անվանակոչել «Փոլ Իգնեյշսի անվան փոստային բաժանմունք»:
Երկկուսակցական S. 2432 նախաձեռնությամբ հարգանքի տուրք է մատուցվում նախկին ռազմածովային ուժերի քարտուղար Փոլ Իգնեյշսին, որի բացառիկ հասարակական ծառայության, առաջնորդության և ազգին նվիրվածության կյանքը թողել է անմոռանալի ժառանգություն։ Կոնգրեսական Լորա Ֆրիդմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից ներկայացված ուղեկցող օրինագիծը հունիսին ընդունվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։
Օրինագծի համաձայն Սան Ֆեռնանդո Ռոուդ 6444 հասցեում գտնվող փոստային բաժանմունքը, որտեղ Իգնեյշսը ուսանողական տարիներին աշխատել էր որպես ժամանակավոր գրագիր՝ նույն փողոցում, որտեղ իր պապը գրեթե մեկ դար առաջ կառուցեց իրենց ընտանեկան տունը, կանվանվի որպես «Փոլ Իգնեյշսի անվան փոստային բաժանմունք»։
«Մենք ողջունում ենք Սենատի Հայրենիքի անվտանգության և կառավարական հարցերի հանձնաժողովին՝ քարտուղար Փոլ Իգնեյշսին այս արժանի հարգանքի տուրքը մատուցելու համար», - հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ «Այս երկկուսակցական օրինագիծը երաշխավորում է, որ նրա ազնվության և հայրենասիրության ժառանգությունը կհիշվի գալիք սերունդների համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Շիֆին իր շարունակական առաջնորդության համար այս նախաձեռնության հարցում, որն առաջին անգամ ներկայացվել էր 117-րդ գումարման Կոնգրեսում, և անհամբեր սպասում ենք Սենատի կողմից ընդունմանը»։

Համագումարի հոգաբարձուների խորհուրդը քարտուղար Փոլ Իգնեյշսի և նրա ընտանիքի հետ, սեպտեմբեր, 2023թ․
Ծնված լինելով Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում, Խարբերդի շրջանից հայ ծնողների ընտանիքում, քարտուղար Իգնեյշսը ծառայեց որպես 59-րդ ռազմածովային ուժերի քարտուղար 1967-1969թ․-ին նախագահ Լինդոն Ջոնսոնի օրոք, իսկ նախկինում նախագահ Ջոն Քենեդիի օրոք զբաղեցրել էր բանակի քարտուղարի և պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները։ Նա իր պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ կառավարությունում ամենաբարձրաստիճան պաշտոնը զբաղեցնող ամերիկահայն էր։ Ավելի ուշ նա զբաղեցրել է «Վաշինգտոն Փոստ»-ի նախագահի և Օդային տրանսպորտի ասոցիացիայի նախագահի պաշտոնները։
2023թ․-ի սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հատուկ մեծարման միջոցառնամ ժամանակ, Համագումարը քարտուղար Իգնեյշսին շնորհեց Ջորջ Դուքմեջյանի անվան մրցանակ։ 2025թ․-ի նոյեմբերի 6-ին իր վախճանից հետո Վաշինգտոնի ազգային տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, իսկ նա հուղարկավորվեց Արլինգտոնի ազգային գերեզմանատանը։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR # 2026-29