top of page

Սենատորներ Փիթերսի և Քեսիդիի նախաձեռնած երկկուսակցական բանաձևով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Writer: Armenian Assembly of America
Armenian Assembly of America
Dec 18, 2024
2 min read

Համագումարի խորհրդի գալիք համանախագահ Օսկար Թաթոսյանը, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Համագումարի զանգվածային քարոզչության պատասխանատու Բեթինա Սարայդարօղլուն և Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը հանդիպել են սենատոր Գարի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան) հետ՝ բանաձևը ներկայացնելու օրը


Վաշինգտոն - Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց երկկուսակցական բանաձևի ներկայացումը սենատորներ Գարի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան) և Բիլ Քեսիդիի (հանրապետական, Լուիզիանա) գլխավորությամբ, որով Ադրբեջանի կառավարությունը դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների արշավի իրականացնելու համար և վարչակազմին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների դեմ, ովքեր մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարումներին»:

 

«Համագումարը ողջունում է սենատոր Փիթերսին և սենատոր Քեսիդիին՝ շարունակելու համար բացահայտել Արցախի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպանական արշավը ու էթնիկ զտումները և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք հորդորում ենք բանաձևի արագ ընդունումը»։

 

Բանաձևով կոչ է արվում վարչակազմին արգելել 907 բանաձևի կասեցումը և «ուժեղացնել Միացյալ Նահանգների և Հայաստանի անվտանգային գործընկերությունը ռազմական օգնության տրամադրման, համատեղ զորավարժությունների և հետախուզական ու նյութատեխնիկական աջակցության միջոցով»:

 

Բանաձևով նաև կոչ է արվում «պատշաճ մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանում փախստականների ճգնաժամին արձագանքելու համար» և կոչ է արվում աջակցել «հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու դիվանագիտությանը, որով նախատեսվում է Ադրբեջանի կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատ արձակումը, սահմանվում է վերադարձի իրավունք և անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի համար և պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը»։

 

Բանաձևով «ընդունվում է, որ Ադրբեջանի շրջափակումը և դրան հաջորդած ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ հանդիսանում են էթնիկ զտումների գործողություններ» և «խստագույնս դատապարտվում են Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները»։

 

2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ լայնածավալ ռազմական հարձակում ձեռնարկեց, որը խլեց հարյուրավոր զինվորների և տասնյակ խաղաղ բնակիչների կյանքեր»՝ ըստ բանաձևի, չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, որը հազարամյակներ շարունակ եղել է հայ կյանքի և մշակույթի կենտրոն, 1991թ․-ին Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծեց փաստացի անկախ հանրապետություն։

 

Լայնածավալ ռազմական հարձակումը հետևեց մոտ 10 ամիս շարունակվող «տանջալից շրջափակմանը», որը Ադրբեջանը նախաձեռնեց 2022թ․-ի դեկտեմբերի 12-ին, և որը շրջանի բնակչությանը զրկեց սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ անհրաժեշտ պարագաներից։

 

Մինչ Ադրբեջանն օգտագործեց «հետագա բռնության սպառնալիքը՝ ստիպելու Լեռնային Ղարաբաղի հայկական ղեկավարությանը հանձնել իրենց ինքնավարությունը և լուծարել իրենց կառավարման ինստիտուտները... Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 հայեր, բախվելով հետագա էթնիկ բռնությունների սպառնալիքին, փախան Հայաստան՝ որպես փախստականներ, Ադրբեջանի հարձակումից հետո 2 շաբաթվա ընթացքում»։

 

Ընդգծվեց Ալիևի ռեժիմի հակահայկական ագրեսիան, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների, այդ թվում՝ եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների և այլ մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացումը: Ընդգծվեց նաև հայ ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց ու Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության անդամների անազատության մեջ մնալը, որոնք անարդարացիորեն մնում են Ադրբեջանում։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:



###


NR# 2024-46

 
 
bottom of page