Սենատոր Ադամ Շիֆը առաջնորդում է Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյին (CFPB) ուղղված մի երկպալատ նամակ` Citi-ի խտրականության որոշման դադարեցման վերաբերյալ պատասխաններ ստանալու նպատակով
- Armenian Assembly of America

- Apr 23
- 2 min read

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է սենատոր Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) առաջնորդած երկպալատ նամակը, որում կոչ է արվում Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյին (CFPB) բացատրել Citigroup Inc. (Citi) ընկերության դեմ համաձայնությամբ ընդունված որոշման երեք տարի շուտ չեղյալ հայտարարելը, որը բխում է բանկի կողմից վարկային քարտեր ձեռք բերելու համար ամերիկահայ դիմորդների նկատմամբ խտրականության դրսևորման վերաբերյալ եզրակացություններից։
Ապրիլի 23-ին CFPB-ի տնօրենի պաշտոնակատար Ռասել Վոութին ուղղված նամակում սենատոր Շիֆը և իր գործընկերները խորը մտահոգություն են հայտնում Բյուրոյի կողմից 2025թ․-ի հոկտեմբերին կայացված որոշման վերաբերյալ, այն է՝ դադարեցնել որոշումը նախքան դրա սկզբնական՝ 2028թ․-ի ժամկետի ավարտը։ Օրենսդիրները նշում են, որ 2023թ․-ի CFPB համաձայնությամբ ընդունված որոշմամբ պարզվել է, որ Citi-ն զբաղվել է հայկական ազգային ծագման հիման վրա որոշակի վարկային քարտերի դիմումների նկատմամբ «լրացուցիչ ուսումնասիրություն» կիրառելու, դրանք բացասական գնահատելու և հաճախ մերժելու պրակտիկայով, այդ թվում՝ թիրախավորելով «-ian»-ով և «-yan»-ով վերջացող ազգանուններով դիմորդներին, մասնավորապես՝ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում և դրա շրջակայքում։
Սկզբնական դատավճռով պահանջվում էր, որ Citi-ն վճարի 1.4 միլիոն դոլար տուժած սպառողներին, 24.5 միլիոն դոլար՝ քաղաքացիական տուգանք և ներդնի համապատասխանության կառավարման համակարգ, որը նախատեսված է վերապատրսատման նյութերի, աշխատակիցների հետ հաղորդակցության և վարկային քարտի դիմումների վերանայման հետ կապված այլ գործելակերպերի մոնիթորինգի համար։ Նախատեսվում էր, որ հրամանը ուժի մեջ կմնա մինչև 2028թ․-ը՝ CFPB-ի շարունակական վերահսկողությունը հնարավոր դարձնելու համար։
«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է սենատոր Շիֆի առաջնորդությունը՝ հաշվետվողականություն և թափանցիկություն պահանջելով այս խորապես մտահոգիչ հարցում»,- ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Ամերիկահայերի նկատմամբ խտրականությունը, որը խոչընդոտում է վարկերին հասանելիությանը, անընդունելի է»։ Ամերիկահայ համայնքը արժանի է հստակ պատասխանների այն մասին, թե ինչու այս հարկադիր կատարողական գործողությունը վաղաժամ դադարեցվեց, արդյոք բոլոր զոհերը ստացել են փոխհատուցում, և ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել՝ ապահովելու համար, որ նման վարքագիծ երբեք չկրկնվի»։
Իրենց նամակում օրենսդիրները խնդրում են CFPB-ին բացատրել, թե ինչու է համաձայնությամբ ընդունված որոշումը վաղաժամկետ դադարեցվել, նշել, թե Citi-ն որ պարտավորություններն է կատարել և որոնք՝ ոչ, բացահայտել, թե քանի տուժած է ստացել փոխհատուցում և վճարված ընդհանուր գումարը, և մանրամասն նկարագրել, թե ինչ փոփոխություններ է Citi-ն կատարել ընթացակարգերում և քաղաքականություններում՝ ապագա խտրականությունը կանխելու համար։ Նամակում նաև հարց է տրվում, թե արդյոք CFPB-ի ներկայիս ղեկավարությունը դեռևս համաձայն է 2023թ․-ի այն եզրակացության հետ, որ Citi-ի խտրական մոդելը կամ գործելակերպը չէր բացատրվել որևէ օրինական, ոչ խտրական պատճառաբանությամբ։
Բացի այդ, օրենսդիրները խնդրում են Սպիտակ տան պաշտոնյաներից ստանալ ցանկացած հաղորդագրություն, որն ուղղորդում, առաջարկում կամ այլ կերպ կապված է որոշման դադարեցման հետ, եթե այդպիսի հաղորդագրություններ գոյություն ունեն: Պատասխանները պահանջվել են մինչև 2026թ․-ի մայիսի 7-ը:
Սենատոր Շիֆից բացի, նամակը ստորագրել են սենատորներ՝ Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ալեքս Պադիլան (դեմոկրատ, Կալիֆորնիա), Էլիզաբեթ Ուորենը (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա), ինչպես նաև կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լորա Ֆրիդմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Լուս Ռիվասը (դեմոկրատ, Կալիֆորնիա):
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2026-08