top of page
Search

Ամերիկայի հայկական համագումար. խաղաղության ձևաչափը պետք է ապահովի անվտանգություն, արդարություն ու հաշվետվողականություն


Վաշինգտոն – Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» մասին համաձայնագրի նախաստորագրումը, զուգորդված անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ ստորագրված «Համատեղ հռչակագրի» հետ՝ կարևոր դիվանագիտական ​​հանգրվան է։ Այնուամենայնիվ, դրա իրական նշանակությունը կախված կլինի նրանից, թե արդյոք այն իրական առաջընթաց կապահովի անվտանգության, մարդասիրական և ինքնիշխանության չլուծված մարտահրավերների հարցում, որոնք շարունակում են սպառնալ երկարատև խաղաղությանը։

 

Ամերիկայի հայկական համագումարն ընդգծեց, որ խաղաղությունը անհնար է առանց անհապաղ և ստուգելի քայլերի՝ ուղղված հետևյալ խնդիրների լուծման վրա.

 

  • Բաքվում պահվող հայ ռազմագերիների և կալանավորված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակում՝ լիարժեք համապատասխանելով միջազգային մարդասիրական իրավունքին և նախկինում ստանձնած պարտավորություններին։

 

  • Ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնում։

 

  • 2023թ․-ի Ադրբեջանի հարձակման ընթացքում 120,000 հայերի էթնիկ զտման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի լուծում, ներառյալ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը՝ անվտանգության, ժողովրդավարության և մշակութային ժառանգության ու կրոնական վայրերի լիակատար պաշտպանության ապահովմամբ։

 

 

Ինչպես անցյալ տարի հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը. «120,000 քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին ու բռնի տեղահանվեցին Արցախում»։ Նա խոստացավ «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ խոստացավ խնդրել Ալիևին ազատ արձակել գերի պահվող 23 քրիստոնյաներին: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին այս խոսքերը վերածել հստակ, չափելի գործողությունների:

 

Միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP)՝ Թրամփի ուղու վերաբերյալ սպասվող լրացուցիչ մանրամասների հետ մեկտեղ, ԱՄՆ ներգրավվածությունն այժմ ուղղակիորեն կապված է Հարավային Կովկասի ապագայի հետ։ Հաշվի առնելով, որ տարածաշրջանային կապերը որոշ ժամանակ է ինչ քննարկվում են, Հայաստանի շահերից է բխում, որ նման ցանկացած պայմանավորվածություն մշակվի ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ՝ ապահովելու համար, որ դրանք կնպաստեն Հայաստանի անվտանգությանն ու բարգավաճմանը, և որ դրանք կներառեն երաշխիքներ՝ կանխելու հարկադրանքը, ագրեսիայի վերսկսումը կամ Հայաստանի ինքնիշխանության խաթարումը։

 

Ամերիկայի հայկական համագումարը հորդորում է շարունակել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կիրառումը մինչև Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների լիարժեք կատարումը, և խորհուրդ է տալիս, որ ցանկացած երկարատև համաձայնագիր ներառի.

 

  • Զորքերի դուրսբերման, բանտարկյալների ազատ արձակման և մարդասիրական պարտավորությունների կատարումը մշտադիտարկելու ստուգման մեխանիզմներ։

  • Խախտումների համար ավտոմատ հետևանքներ, ներառյալ աջակցության կասեցում և թիրախային պատժամիջոցներ՝ Միացյալ Նահանգների ու միջազգային հանրության աջակցությամբ։

 

Հարավային Կովկասում տևական խաղաղություն չի հաստատվի միայն թղթի վրա գրված խոսքերով։ Այն պահանջում է պարտավորությունները ստանձնելու կամք, խախտումներին դիմակայելու քաջություն և հաշվետվողականությունն ապահովող մեխանիզմներ։ Ամերիկայի հայկական համագումարը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների, միջազգային գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու, որ այս ձևաչափը հանգեցնի իրական անվտանգության, արդարության և այնպիսի ապագայի, որտեղ հայերը կարող են ազատ և արժանապատիվ ապրել իրենց նախնիների հողում։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR# 2025-34

 
 
bottom of page