top of page
Search

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Բաքվում պատանդ պահվող քրիստոնյա հայերի կեղծ դատավարությունների և դատավճռի վերաբերյալ


Մի տեսարան Բաքվում Արցախի նախկին քաղաքական և
ռազմական ղեկավարության բեմադրված դատավարությունից

Մի տեսարան Բաքվում Արցախի նախկին քաղաքական և 

ռազմական ղեկավարության բեմադրված դատավարությունից


Վաշինգտոն – Ամերիկայի hայկական համագումարը (Համագումար) խստորեն դատապարտում է Ադրբեջանի Բաքվի ռազմական դատարանի կողմից երեկ կայացրած դատավճիռները, որոնցով մի քանի հայ քաղբանտարկյալներ և արցախցի (Լեռնային Ղարաբաղ) նախկին պաշտոնյաներ դատապարտվել են ցմահ ազատազրկման և երկարատև բանտարկության՝ մարդու իրավունքների պաշտպանների կողմից լայնորեն՝ որպես հիմնարար կերպով անարդար քննադատված դատավարությունների արդյունքում։

 

Միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ աղբյուրներից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ դատարանը հինգ հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին և Դավիթ Բաբայանին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Արցախի ևս երկու նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման՝ ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի օրենսդրությամբ սահմանված տարիքային սահմանափակումների պատճառով։ Մյուս հայ պատանդները դատապարտվեցին 15-ից 19 տարվա ազատազրկման։

 

Այս դատավճիռները հաջորդում են 2025թ․-ի հունվարին մեկնարկած դատավարություններին ու վերաբերում են հայ կալանավորներին, որոնք գերեվարվեցին Ադրբեջանի կողմից 2023թ․-ի սեպտեմբերին Արցախի վրա ռազմական հարձակումից հետո, որի գագաթնակետը 120,000-ից ավելի հայերին իրենց նախնիների հայրենիքից հարկադրաբար տեղահանումն էր։ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները և միջազգային դիտորդները բազմիցս ահազանգել են պատշաճ օրենսդրական գործընթացի բացակայության, քաղաքական դրդապատճառներով մեղադրանքների, անկախ մոնիթորինգին սահմանափակ հասանելիություն ունենալու և կալանավորների՝ որպես բանակցություններում լծակի ավելի լայն կիրառման վերաբերյալ։

 

Համագումարը վերահաստատում է, որ այս անձինք անօրինական կերպով են կալանավորված, և որ դատական գործընթացները կեղծ դատավարություններ են, որոնք նախատեսված են կոլեկտիվ պատիժը օրինականացնելու և Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները թաքցնելու համար։

 

«Այս դատավճիռներն ընդգծում են մի հիմնարար ճշմարտություն. իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ հայ պատանդներն անարդարացիորեն բանտարկված են մնում Բաքվում», - ասացին Ամերիկայի hայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը։ Հայ քաղբանտարկյալներին ցմահ բանտարկության դատապարտելը և միաժամանակ խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասին հայտարարելը հակասություն է, որը միջազգային հանրությունը չպետք է անտեսի։

 

Այսօրվա որոշումները կայացվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ներգրավվածության ​​ակտիվացման ֆոնին, ներառյալ՝ երկու կառավարությունների միջև վերջերս կայացած հանդիպումները և ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածությունն՝ ուղղված խաղաղության ձևաչափի առաջխաղացմանը, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա տարածաշրջանային այցը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններ։

 

Դրանք նաև հաջորդում են նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային ելույթներին, ով վերջերս Օվալաձև սենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ անձամբ կբարձրացնի հայ պատանդների ազատ արձակման հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նշելով 23 հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների շարունակական կալանքի տակ մնալը։

 

Համագումարը նաև նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսականներն առավել հաճախ են մտահոգություն հայտնում Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ: Վերջին ամիսներին երկկուսակցական օրենսդիրները կոչ են արել վարչակազմին պահանջել հայ բանտարկյալների ազատ արձակումը, թույլատրել դատավարությունների միջազգային մոնիթորինգը և դիտարկել պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ, մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ:

 

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին և նրա միջազգային գործընկերներին պահանջել Ադրբեջանում պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և պատանդների անհապաղ ազատ արձակումը, մերժել քաղաքական դրդապատճառներով և ոչ թափանցիկ դատավարությունների միջոցով կայացված դատավճիռների օրինականությունը, ապահովել, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պայմանավորված լինի հաշվետվողականությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ և կիրառելի անվտանգության երաշխիքներով, և հաստատել ու պաշտպանել տեղահանված արցախահայերի վերադարձի հիմնարար իրավունքը։

 

«Հարկադրանքի, անպատժելիության և պատանդների դիվանագիտության վրա կառուցված խաղաղությունը ո՛չ կայուն է, ո՛չ էլ արդար», - հավելեցին համանախագահները։ «Իսկական հաշտեցումը պահանջում է բանտարկյալների ազատ արձակում, մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանք և լուրջ խախտումների համար պատասխանատվություն, այլ ոչ թե ցմահ բանտարկություններ, որոնք կիրառվում են կեղծ դատավարությունների միջոցով՝ փակ դռների հետևում»։

 

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


 

###


 

NR# 2026-02

 
 
bottom of page