Կոնգրեսականներ Թայթուսը և Բիլիրաքիսը ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման երկկուսակցական ակտ
- Armenian Assembly of America

- Mar 22
- 2 min read

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց երկկուսակցական օրինագծի ներկայացումը, որը գլխավորեցին կոնգրեսական Դինա Թայթուսը (դեմոկրատ, Նևադա) և կոնգրեսական Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), և որով կոչ է արվում վերանայել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ միջազգային իրավունքի խախտումների համար:
Օրինագծով պահանջվում է, որ նախագահը որոշի, թե արդյոք «Գլոբալ Մագնիտսկու» պատժամիջոցները վերաբերում են 2023թ․-ին Արցախում հայերի էթնիկ զտումների և Ադրբեջանում քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակական ճնշումների համար պատասխանատու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին։
«Չնայած Ժնևի կոնվենցիաներով ստանձնած իր միջազգային իրավական պարտավորություններին և Միացյալ Նահանգների կառավարության կողմից բազմիցս հնչեցված կոչերին, Ադրբեջանը ազատ չի արձակել բոլոր համապատասխան անձանց և փոխարենը շարունակում է կալանավորել նոր ռազմագերիների, պատանդների և գերեվարված քաղաքացիական անձանց, ինչպես նաև մարդու իրավունքների լուրջ խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուները չեն կրել իրավական հետևանքներ», - ընդգծվեց օրինագծում։
Օրինագծում նաև թվարկվում էին Ադրբեջանի Հանրապետությունը ներկայացնող մի շարք պաշտոնյաների անուններ և ընդգծվում էր, որ «սույն ակտի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում նախագահը պետք է համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին ներկայացնի որոշում՝ ներառյալ մանրամասն հիմնավորում այն մասին, թե արդյոք թվարկված որևէ անձ... համապատասխանում է պատժամիջոցներ կիրառելու չափանիշներին՝ համաձայն Մագնիտսկու գլոբալ մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի 1263(b) բանաձևի (22 ԱՄՆ օրենսգիրք 2656 նշում) կամ Պետդեպարտամենտի արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ակտի 7031(c) բանաձևի»:
«Մեկ տարի տևած Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո, Ադրբեջանը զենքի վերածեց սնունդը և սովամահ արեց Արցախի 120,000 հայերից շատերին»,- ասաց կոնգրեսական Թայթուսը։ «Ալիևի կառավարությունը մերժեց միջազգային հանրության կոչերը՝ նահանջելու և լարվածությունը մեղմելու վերաբերյալ, և հարձակում ձեռնարկեց Արցախի հայ համայնքի վրա։ Հողի նկատմամբ վաղեմի պահանջներ ունեցող մարդիկ ագրեսորի կողմից համակարգված կերպով վտարվեցին. երեխաները զրկված էին սննդից ու ջրից և չէին կարող դպրոց գնալ, իսկ քրիստոնեական հուշարձանները պղծվեցին։ Ժամանակն է պարտադրել նախագահ Ալիևին և նրա կողմնակիցներին վճարել՝ այլ ոչ թե պարգևատրել ռազմական աջակցությամբ և ներդրումային գործարքներով»։
«Անցյալ ամիս ԱՄՆ միջնորդությամբ Սպիտակ տանը ստորագրված համաձայնագիրը ոչինչ չարեց Արցախից էթնիկ զտման ենթարկված հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձին, Բաքվի կողմից դեռևս պահվող հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակմանը, Արցախում հայկական մշակութային և կրոնական ժառանգության վայրերի պահպանամը կամ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության առաջնորդների, լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների իրավունքներին վերաբերող հարցերը լուծելու համար։ Եթե նախագահ Թրամփը չճանաչի Ադրբեջանի մարդու իրավունքների սարսափելի վիճակը, դա կանեմ ես։ Ահա թե ինչու եմ ներկայացնում այս օրինագիծը»,- ասաց կոնգրեսականը։
«Մինչ անցյալ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված պատմական խաղաղության հռչակագիրը կարող է առաջընթացի նշան լինել, քաղաքական և մարդասիրական ճգնաժամը շարունակվում է՝ պայմանավորված տարածաշրջանում Ադրբեջանի շարունակական ագրեսիայով»,- ասաց կոնգրեսական Բիլիրաքիսը։ «Ես հպարտ եմ կրկին ներկայացնել օրինագիծը, որով կպահանջվի, որ նախագահը որոշի, թե արդյոք Մագնիտսկու պատժամիջոցները պետք է կիրառվեն այն բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արցախի հայերի էթնիկ զտումների և Ադրբեջանի ներսում քաղաքական ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների քաղաքականության իրականացման համար։ Ամերիկյան հարկերից գոյացող դոլարները չպետք է օգտագործվեն դաժան ռեժիմի անդամներին աջակցելու համար, հատկապես, երբ այդ ռեսուրսները կարելի է ավելի լավ ծախսել այստեղ՝ երկրի ներսում, անհետաձգելի առաջնահերթությունների լուծման վրա»։
«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է կոնգրեսական Թայթուսին և կոնգրեսական Բիլիրաքիսին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման ակտը կրկին ներկայացնելու համար, որը կարևոր քայլ է՝ Մագնիտսկու գլոբալ մարդու իրավունքների ակտի շրջանակներում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել էթնիկ զտումների, պատերազմական հանցագործություններ և մարդու իրավունքների ոտնահարումների համար»։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2025-36


