Համագումարը սգում է հոգաբարձուների խորհրդի անդամ, Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ և առաքելական ուղևորության մասնակից Սթիվեն (Սթիվ) Ժիրայր Հովնանյանի վախճան
- Armenian Assembly of America

- Mar 21
- 3 min read

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) իր խորին ցավակցությունն է հայտնում Սթիվեն (Սթիվ) Ժիրայր Հովնանյանի ընտանիքին և բարեկամներին․ Սթիվենը կյանքից հեռացավ 2025թ․-ի սեպտեմբերի 15-ին։
Սթիվենը Համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ էր և ուսանողական տարիներին մասնակցել էր Համագումարի Թերջենյան Թոմասի փորձնակների ծրագրին Վաշինգտոն մայրաքաղաքում: Սթիվենը նաև իր ընտանիքի հետ մեկնել էր Հայաստան՝ 1990-ականներին Հայաստանի անկախացումից կարճ ժամանակ անց Համագումարի կողմից կազմակերպված երկու վաղ առաքելությունների շրջանակներում։ Նա նվիրված էր իր հայկական ժառանգությանը, և Համագումարը շնորհակալ է նրա՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամի երկարամյա նվիրվածության համար։
«Ամերիկայի հայկական համագումարում մեր բոլորիս անունից մենք խորին ցավակցություն ենք հայտնում Սթիվի ընտանիքին։ Նա իսկական ջենտլմեն էր, և իր հանգուցյալ ծնողների՝ Ժիրայր և Էլիզաբեթ Հովանյանների պես, նվիրված էր մեր ամերիկահայ համայնքին։ Սթիվի մահը մեծ կորուստ է մեզ բոլորիս համար»,- ասաց Համագումարի նախորդ համանախագահ Էնթոնի Բարսամյանը։»
ՍԹԻՎԵՆ (ՍԹԻՎ) ԺԻՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ խաղաղությամբ հանգչեց 2025թ․-ի սեպտեմբերի 15-ին, պրոգրեսիվ կաթվածի հետ ծանր ճանապրհ անցնելուց հետո։ Նա թողեց ընտանեկան նվիրվածության, համայնքային ծառայության և երաժշտության մի ժառանգություն, որն արձագանք գտավ սերունդների մեջ։ Սթիվը շատ էր գնահատում իր կնոջը՝ Նենսիին, երեխաներին ու թոռներին, իր եղբորը՝ Փիթերին, ինչպես նաև իր մեծ ընտանիքի անդամներին ու զարմիկներին, որոնք միասին կազմում էին իր աշխարհի սիրտը։
Նա ծնվել էր 1951թ․-ի մայիսի 22-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում, հանգուցյալ Ժիրայր և Էլիզաբեթ Հովնանյանների ընտանիքում, մինչև 12 տարեկանը մեծացել էր իր տատիկի և պապիկի, ծնողների, մորաքույրերի, հորեղբայրների, զարմիկների և եղբոր հետ՝ Ֆիլադելֆիայում՝ հայկական երաժշտությամբ և խոհանոցով լի մի օջախում։ Նա և իր ընտանիքը տեղափոխվեցին Հարավային Ջերսի, երբ նա սովորում էր միջնակարգ դպրոցում՝ ավելի մոտ լինելու ընտանեկան բիզնեսին՝ «Ջ.Ս. Հովնանյան և որդիներ», որտեղ էլ ապրեց իր կյանքի մնացած մասը։ Սթիվենը 1969թ․-ին ավարտեց Լենապի տարածաշրջանային ավագ դպրոցը։ Նա սովորեց համալսարանում, սկզբում՝ Դեյթոնի համալսարանում, ապա տեղափոխվեց Քեմդենի Ռաթջերս համալսարան՝ իր սիրելի Նենսիին ավելի մոտ լինելու համար։ Ավարտելով Ռաթջերս համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը՝ նա անմիջապես աշխատանքի անցավ հոր մոտ՝ այն ընկերությունում, որտեղ աշխատեց 51 տարի՝ մինչև իր մահվանը նախորդող մեկ շաբաթը։
Սթիվը երաժշտության հանդեպ իր սերը կիսում էր իր զարմիկների և հորեղբայրների հետ՝ իրենց ընտանեկան անսամբլում՝ հայտնի «Ոսբիկյան նվագախմբում»։ Տասնամյակներ շարունակ նա իր ձայնն ու դումբեկի (զարբ, թմբուկ) ռիթմերը տրամադրել է հարսանիքներին, պիկնիկներին և հայկական պարերին՝ անթիվ պարահրապարակներ բոցավառելով ուրախությամբ, տոնակատարությամբ և միավորմամբ։ Բեմից այն կողմ, խմբի ամբողջական սկավառակագրությունը և նրա ձայնը հանդիսանում են նրանց արվեստի և հայկական երաժշտությունը ամբողջ աշխարհի ապագա սերունդների համար պահպանելու Սթիվի նվիրվածության անսասան արձանագրությունը։
Համայնքը կենտրոնական տեղ էր զբաղեցնում նրա կյանքում։ Աշխատանքի ընթացքում նա առաջ մղեց իր հոր՝ Ժիրայրի տեսլականը՝ որպես «Ջ.Ս. Հովնանյան և որդիներ» ընկերության ղեկավար, ղեկավարելով այն ընկերությունը, որը հազարավոր օջախներ կառուցեց Հարավային Ջերսիում և թաղամասերը վերածեց կայուն համայնքների։ Երեխաներից ոգեշնչվելով՝ Սթիվը ակտիվորեն աջակցում էր հանրային կրթությանը, Ամերիկայի բոյսկաուտներին և Philadelphia Sinfonia կազմակերպությանը։
Իր հայկական համայնքում Սթիվն իր էներգիան ներդրեց Չելտենհեմի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում, որտեղ նա նրանց երգչախմբի ցմահ անդամ էր, և որտեղ ինքն ու Նենսին պարգևատրվեցին Սուրբ Վարդանի մրցանակով՝ իրենց անխոնջ նվիրվածության համար։ Նա կարևոր դեր խաղաց Նյու Յորքի հյուսիսում գտնվող «Արարարատ» կենտրոնին աջակցելու գործում, որը մի վայր էր, որտեղ երիտասարդները կարող էին մեծանալ հավատքի, մշակույթի և բարեկամության մթնոլորտում, ինչը, նրա կարծիքով, կենսական նշանակություն ուներ Հայ եկեղեցու ապագայի համար։
Սգակիրներն են՝ 50 տարվա սիրելի կինը՝ Նենսին, չորս գեղեցիկ երեխաները՝ Սթիվենը (Լիզա), Հայգը (Պաքս), Գարոն (Թամար) և Կարինեն (Գրեգ), ութ հրաշալի թոռները՝ Արիանան, Քրիստինան, Սոֆիան, Էլլան, Աննաբելը, Ստեփանը, Լիլիթը և Զավենը, իր եղբայրը՝ Փիթերը (Թերեզա), և անթիվ զարմիկներ, զարմուհիներ և նրանց երեխաները։
Նրանց համար, ովքեր ճանաչում էին իրեն, Սթիվը մարմնավորում էր առատաձեռնություն, հավատք և ուժ յուրաքանչյուր ձեռնարկած գործի մեջ: Նրա ժառանգությունը մնում է իր կառուցած օջախներում, իր ամրապնդած համայնքներում, իր սիրած երաժշտության մեջ և, ամենակարևորը, իր թանկագին ընտանիքում:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2025-39


