Հարցեր փոխնախագահ Վենսի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության շուրջ, մինչ սոցիալական ցանցերում գրառումը հեռացվել է
- Armenian Assembly of America

- 6 days ago
- 2 min read
Updated: 6 days ago
Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը ցեղասպանության ճանաչման և կրթության ոլորտում, ասում է Ամերիկայի հայկական համագումարը
Վաշինգտոն – Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան լայնորեն լուսաբանվեց հայկական լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ ծաղկեպսակ դնելու արարողությունը և լռության րոպեն հավերժական կրակի մոտ։ Սակայն, ջնջելով Հայոց ցեղասպանության մասին գրառումը, նա հետ կանգնեց ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հստակ դիրքորոշումից։
Ինչպես հաղորդվում էր, Վենսի սկզբնական գրառումը հետ է կանչվել և փոխարինվել հաջորդ գրառումով, որում խուսափեցին «ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործելուց։ Թեև դա կարող էր փոխնախագահի խոսքերը պահել նախագահի 2025թ․-ի ապրիլի 24-ի հայտարարությանը համապատասխան, միջադեպը ևս մեկ հիշեցում էր ժխտման վտանգների մասին, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու բանակցությունների համատեքստում, և միայն լրացուցիչ վնաս է պատճառում Հայաստանին ու խրախուսում է Թուրքիայի վարքագիծը՝ տարածաշրջանային գործերին անընդհատ միջամտելու և շատ կարևոր հարցերում ոչ կառուցողական, եթե ոչ՝ խոչընդոտող լինելու համար։

«Չնայած Համագումարը մեծապես գնահատում է ԱՄՆ ներգրավվածությունը և հարաբերությունների ամրապնդումը, մենք չենք կարող լռել փոխնախագահի կոմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում կատարելու, այնուհետև հղումները հեռացնելու և այն՝ Ծիծեռնակաբերդ կատարած իր այցի ընթացքում Հուշարձանի կամ Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակումից զերծ տարբերակով փոխարինելու մասին»,- հայտարարեցին Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյանն ու Օսկար Թաթոսյանը։
«Մենք մեր ընտրված պաշտոնյաներից ավելի լավին ենք արժանի և պահանջում ենք հրապարակային բացատրություն ակնհայտ շրջադարձի համար։ Որպես ամերիկահայեր, մենք վաղուց միավորված ենք ցեղասպանության մասին կրթության, ճանաչման և կանխարգելման գործում»,- շարունակեցին համանախագահները։ «Այս կարևոր պահին մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապահովելու, որ ճանաչումն ուղեկցվի զգոնությամբ և գործողություններով։ Մենք պետք է անսասան մնանք արդարության, հաշվետվողականության և ապագա վայրագությունների կանխարգելման մեր հանձնառության մեջ»։
1972թ․-ին հիմնադրվելուց ի վեր՝ Ամերիկայի հայկական համագումարն աշխատել է հայկական հարցերի հանրային ըմբռնումը խթանելու և պատմական ճշմարտության լայն ճանաչումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում՝ Հայկական ազգային ինստիտուտի ստեղծման միջոցով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը, հետազոտմանը և ճանաչմանը։
Այսօր 30-ից ավել երկրներ և Վատիկանը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Միացյալ Նահանգներում ճանաչումը արտահայտվել է նախագահների, Միացյալ Նահանգների Սենատի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, դատական իշխանության և բոլոր 50 նահանգների կողմից՝ արտացոլելով պատմական ապացույցների և բարոյական պարզության վրա հիմնված ազգային համաձայնությունը։
Համագումարը կշարունակի համագործակցել քաղաքականություն մշակողների, մանկավարժների և համայնքների հետ ամբողջ Միացյալ Նահանգներում՝ ցեղասպանության մասին կրթությունը խթանելու, պատմական հիշողությունը պահպանելու և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ու կրոնական ազատության պաշտպանության գործում Ամերիկայի առաջատար դերը պահելու նպատակով։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2026-04


