Միջազգային կրոնական ազատության (IRF) գագաթնաժողովի ժամանակ Ամերիկայի հայկական համագումարը շեշտեց Բաքվի կողմից պահվող հայ քրիստոնյա պատանդների ազատ արձակման կարևորությունը
- Armenian Assembly of America

- Mar 20
- 2 min read
Updated: Mar 21

Վաշինգտոն – Անցյալ շաբաթ Վաշինգտոն մայրաքաղաքում կայացած Միջազգային կրոնական ազատության (IRF) գագաթնաժողովում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) միացավ համաշխարհային առաջնորդներին, քաղաքականության մշակողներին և քարոզիչներին՝ աշխարհով մեկ կրոնական ազատության պաշտպանությունն առաջ մղելու համար։
Դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հատուկ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից պահվող հայ քրիստոնյա պատանդների վրա՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։
«Ամերիկայի հայկական համագումարի համար այս հարցն առաջնահերթ է»,- հայտարարեց Արդունին: «Մենք շարունակում ենք կոչ անել անհապաղ ազատ արձակել քրիստոնյա հայ պատանդներին, որոնք անարդարացիորեն պահվում են Ադրբեջանի կողմից, ենթարկվում են կեղծ դատավարությունների և զրկված են միջազգային դիտորդների ներկայության հնարավորությունից»:
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի նախօրեին Արդունին կոչ արեց «փոխնախագահին օգնել հզորացնել մեր ձայները և պնդել նրանց անհապաղ ազատ արձակման վրա»,- ասաց նա։
Արդունին նաև խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության և քրիստոնեական կրոնական վայրերի շարունակական ոչնչացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտումների ավելի խորը հետևանքների վերաբերյալ։
«Այս անփոխարինելի մշակութային ու կրոնական վայրերը պատկանում են ոչ միայն հայ ժողովրդին, այլև ամբողջ մարդկությանը»,- նշեց Արդունին։ «Լեռնային Ղարաբաղից քրիստոնյա հայերի էթնիկ զտումը, ինչպես փաստագրվել էր Freedom House-ի կողմից 2024թ․-ի հատուկ զեկույցում, պետք է ընկալվի որպես նախազգուշացում այն ծայրահեղ ռիսկերի մասին, որոնց շարունակում են բախվել կրոնական փոքրամասնություններն ամբողջ Ասիայում և այլուր»։
Արդունին ընդգծեց գագաթնաժողովի քննարկումները հստակ գործողությունների վերածելու հրատապությունը։
«Մեզանից յուրաքանչյուրը որոշիչ դեր է խաղում այս հարցի առաջխաղացման գործում», - ասաց Արդունին։ «Մեր աշխատանքը չի վերջանում այս գագաթնաժողովի ավարտով։ Այն շարունակվում է այն պահից, երբ մենք լքենք այս սենյակը... երբ մենք մեր սովորածը առաջ տանենք դեպի Կոնգրեսի դահլիճներ և քաղաքականություն, որը կյանքեր է ձևավորում ամբողջ աշխարհում»։
Նա եզրափակեց՝ վերահաստատելով, որ միջազգային կրոնական ազատության պաշտպանության կենտրոնում մարդկային ճակատագիրն է։
«Կրոնական ազատությունը վերացական սկզբունք չէ»,- ասաց Արդունին։ «Այն վերաբերում է իրական մարդկանց, իրական ընտանիքներին և իրական կյանքերին, և մեր համատեղ պատասխանատվությունն է պաշտպանել այն»։
Գագաթնաժողովի շրջանակներում Ամերիկայի հայկական համագումարը կազմակերպեց բարձր մակարդակի Կոնգրեսական քարոզչության միջոցառում, որը միավորեց կոնգրեսականների, կրոնական ազատության քարոզիչների և համայնքային առաջնորդների՝ հալածվող կրոնական համայնքների առջև ծառացած աճող սպառնալիքները քննարկելու նպատակով։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Սեմ Բրաունբեքը, դոկտոր Կատրինա Լանթոս Սվեթը, Պետդեպարտամենտի գլոբալ կրոնական ազատության հարցերով գլխավոր խորհրդական Մարկ Ուոքերը, սենատոր Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական, Օկլահոմա), կոնգրեսական Ֆրենչ Հիլը (հանրապետական, Արկանզաս), կոնգրեսական Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), կոնգրեսական Էնդի Հարիսը (հանրապետական, Մերիլենդ), Կրոնական ազատության ինստիտուտի նախագահ Դեյվիդ Թրիմբլը, Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի համանախագահներ Դրյու Բոուլինգը և Ամջադ Խանը, և այլ նշանավոր բանախոսներ։
Բանախոսներն ընդգծեցին կրոնական ազատության պաշտպանության կարևորությունը՝ որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների անկյունաքար, և շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին շարունակական առաջնորդության և ներգրավվածության համար։
Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատեց իր հանձնառությունը՝ առաջ մղել միջազգային կրոնական ազատությունը, պաշտպանել հալածվող համայնքները, ինչպես նաև քարոզել հաշվետվողականության ու արդարության օգտին՝ ԱՄՆ-ի և միջազգային գործընկերների հետ կայուն համագործակցության միջոցով։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2026-03


