Ջո Մանգանիելոն կարևոր ելույթ ունեցավ Կոնգրեսական Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը Կապիտոլիումի բարձունքում
- Armenian Assembly of America

- Apr 2, 2025
- 3 min read

Դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելո
Վաշինգտոն – Դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելոն միացավ կոնգրեսականներին՝ որպես Կոնգրեսական Հայոց ցեղասպանության հիշատակի ամենամյա միջոցառման գլխավոր բանախոս: Ս․ թ․ ապրիլի 2-ին հուզիչ հարգանքի տուրք մատուցելով իր մեծ տատիկին, ով Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր, նա հանդես եկավ հզոր և հուզիչ ելույթով Կապիտոլիումի բարձունքում լեփ-լեցուն դահլիճում։
Մանգանիելոն պատմեց կլանված հանդիսատեսին, թե ինչպես էր ոգեշնչվել իր տատիկի և մեծ տատի քաջությամբ՝ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին և պաշտպանել հայերի իրավունքները: Մարդու իրավունքների հանդեպ նրա անկեղծ եռանդը և հայ ժողովրդի ծանր վիճակի մասին մտահոգությունները կիսեցին մի շարք ընտրված պաշտոնյաներ հիշատակի և Հայաստանի համար ավելի ապահով ապագա ապահովելու երդումների երեկոյի ժամանակ:
«Մինչ 110 տարի առաջ տեղի ունեցածի արձագանքները դեռևս հնչում են մեր սերնդում, մենք պետք է քայլեր ձեռնարկենք և օգտագործենք մեր ձայնը», - ասաց Ջո Մանգանիելոն: «Ես այստեղ եմ՝ պատմելու իմ մեծ տատի պատմությունը, ես այստեղ եմ՝ վերջ տալու սերնդային տրավմային, որն ազդել է իմ ընտանիքի վրա, ես այստեղ եմ ներկա իրավիճակի պատճառով, և ես այստեղ եմ, որպեսզի աշխարհին ասեմ, որ ճիշտ քայլեր ձեռնարկի»:

(ձախից աջ) Սենատորներ Էնդի Քիմ (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ադամ Շիֆ (դեմոկրատ, Կալիֆոռնիա),
կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսեր (դեմոկրատ, Նյու Ջերսի) և սենատոր Էդ Մարքի (դեմոկրատ, Մասաչուսեթս)
Հիշատակի արարողությանը ներկա ընտրված պաշտոնյաների թվում էին․ սենատորներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Քիմը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Էդվարդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Քորի Բուքերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), և կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լորա Ֆրիդմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ ՄաքԳավերնը (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջորջ Լաթիմերը (դեմոկրատ, Նյու Յորք), Հերբ Կոնաուեյը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և հղում է արվել կոնգրեսական Ջիմ Կոստայի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) հայտարարությունը:
Սենատոր Էդվարդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս) անդրադարձավ այն 1,5 միլիոն հայերին, որոնք կոտորվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ, որոնք զոհվեցին Օսմանյան կայսրության ձեռքով և ընդգծեց, որ նա «երկար տարիներ պայքարեց հայ ժողովրդի կողքին՝ այդ ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար, և տասնամյակների քարոզչությունից հետո» ԱՄՆ-ն «վերջապես կարողացավ կանգնել պատմության ճիշտ կողմում»։
Կապելով Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ շարունակվող վայրագությունների հետ՝ Մարքին ընդգծեց, որ «այս հանցագործությունները պահանջում են պատասխանատվություն» և պահանջեց հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակմուն: Նա հիշեց իր այցը Բաքու՝ անցյալ տարվա նոյեմեբրին COP29-ի ժամանակ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի կրտսերի (դեմոկրատ, Նյու Ջերսի) հետ միասին՝ «մի այնպիսի լուծում գտնելու, որը պաշտպանում և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը», բայց փոխարենը նրանք բախվեցին սպառնալիքների:
«Մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան, սահմանի երկայնքով ադրբեջանական ուժերի կուտակումը և նրանց շարունակական սպառնալիքները»,- ասաց սենատոր Մարքին: «Մինչ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածների հիշատակին, ես կշարունակեմ աշխատել ձեր կողքին»:
Սենատոր Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ընդգծեց, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական ձեռքբերումը «հնարավոր եղավ միայն տոկուն, հզոր և անսասան հայկական սփյուռքի և տասնամյակների ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ», և որ դա «հազարավոր ակտիվիստների և կազմակերպությունների ջանքերի վկայությունն է, և մարդու իրավունքների հաղթանակը»:
Սակայն, նա նշեց, որ «վերքերը բաց են մնում», մինչ Ադրբեջանը «կրկնում է մեկ դար առաջ կատարված ցեղասպանությունն ու գործողությունները՝ Թուրքիայի աջակցությամբ», և որ Միացյալ Նահանգների նախագահը պետք է «օգտագործի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ ճնշելու Ալիևին, որպեսզի ազատ արձակի հայ ռազմագերիներին»։
Սենատոր Էնդի Քիմը (դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարեց հիշողության պահպանման կարևորության մասին՝ միաժամանակ շարունակական ջանքեր գործադրելով դադարեցնել զանգվածային վայրագությունները, որոնք այսօր էլ շարունակում են տեղի ունենալ հայ ժողովրդի դեմ:
«Ես կանգնած եմ ձեր առջև հարգանքի տուրք մատուցելու և անցյալը ճանաչելու համար և կանգնած եմ ձեր կողքին, մինչ մենք անհամբեր սպասում ենք համոզվելու, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ ձեր երեխաների և թոռների համար ավելի լավ և խաղաղ աշխարհ ապահովելու համար», - ասաց սենատոր Քիմը:

(ձախից աջ) կոնգրեսականներ Ջիմ ՄաքԳավերնը (դեմոկրատ, Մասաչուսեթս), Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լորա Ֆրիդմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Հերբ Կոնաուեյը (դեմոկրատ, Նյու Ջերսի)
Համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը հայտարարեց, որ «վշտացնող» է, որ հայերը «դեռ բախվում են գոյաբանական սպառնալիքների» 110 տարի անց, մինչ մտորում էր Կոնգրեսում վկայություն ներկայացնելու և 80 «եռանդուն ու նվիրված ուսանողների» կողքին Կապիտոլիումի բարձունքում քարոզելու մասին:
«Իմ սիրտը լի էր հպարտությամբ, բայց միևնույն ժամանակ լի էր ցավով, երբ դիտում էի, թե ինչպես են այս երիտասարդները պայքարում և քարոզում այդքան ծանր խնդիրների համար»,- ասաց Յակուբյանը: «Հայ ժողովուրդը անցել է ցեղասպանության, աքսորի, բնաջնջման միջով, բայց մենք դեռ գոյություն ունեենք»։
«Այս պահին մենք խնդրում ենք Ամերիկային ոչ միայն հիշել պատմությունը, այլ օգնել ձևավորել դրա ընթացքը և կանգնել հայերի կողքին արդարության հասնելու մեր ճանապարհին»,- եզրափակեց նա։
ANCA-ի ազգային նախագահ Ջորջ Աղջայանն անդրադարձավ իր ընտանիքի փրկության պատմությանը և ընդգծեց, որ «հանցագործությունները չավարտվեցին 1915թ․-ին և շարունակվում են մինչ օրս»:
Քեյթ Նահիկյանը՝ Համագումարի նախկին փորձնակ և Nahigian Strategies-ի հիմնադիրը, ծառայեց որպես միջոցառման հանդիսավար, իսկ Բեթհեզդայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, գերաշնորհ տեր Սարգիս Աքթավուկյանը կատարեց օրհնության կարգ և հանդես եկավ փակման աղոթքով։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2025-21


