Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը և Հայոց ցեղասպանությունը՝ Փիթեր Բալաքյանի անունից
- Armenian Assembly of America

- Mar 21
- 6 min read

Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը վախճանվեց սեպտեմբերի 3-ին՝ 99 տարեկան հասակում։ Նա հոգեբանա-պատմության (հոգեբանություն և պատմություն) ոլորտի ականավոր մասնագետ էր, որի հիմնադրմանը նպաստել է իր մենթոր՝ ականավոր հոգեբույժ և պատմաբան, «Երիտասարդ Լյութեր» և «Գանդիի ճշմարտությունը» գրքերի հեղինակ Էրիկ Էրիկսոնի հետ միասին։ Լիֆթոնի ներդրումը մեր ժամանակների հասարակական մտքում կենտրոնական դեր ունի զանգվածային բռնության, տրավմայի և վերապրողների փորձի մեր ըմբռնման մեջ։ Նա ստեղծեց նոր բառապաշար՝ մտածելու այն մասին, թե ինչպես են մարդիկ իրագործում վայրագություններ և ինչպես են նրանք վերապրում աղետները։ Նա բացեց վերապրածների մասին դիսկուրսը հայեցակարգելով վերապրածի ինքնությունը՝ Ազգային գրքի մրցանակի արժանացած Հիրոսիմայի վերապրածների մասին պատմող «Կյանքը մահվան մեջ» իր 1968թ.-ի ուսումնասիրությունում։ Նրա ստեղծած հասկացություններն ու սահմանումները մի ամբողջ բառապաշար են, որոնք փոխակերպեցին մեր դարաշրջանի մասին մեր պատկերացումները: Դրանցից մի քանիսն են՝ «հոգեկան թմրություն», «կրկնապատկում», «դաժանություններ առաջացնող իրավիճակ», «վերապրածի մեղք», «նուկլեարիզմ», «կեղծված իրականություն», «գերտերության համախտանիշ», «տոտալիզմ», «չարորակ նորմալություն», «պրոտեանիզմ», «կլիմայական շեղում», «զայրացած վիշտ», «խորհրդանշական անմահություն»։ Նրա երկու տասնյակ գրքերի թվում են՝ «Նացի բժիշկները. բժշկական սպանություններ և ցեղասպանության հոգեբանություն», «Կյանքը մահվան մեջ. Հիրոսիմայի վերապրածները», «Պատերազմից տուն. սովորելով Վիետնամի վետերաններից», «Մտքի բարեփոխում և տոտալիզմ. ուղեղի լվացման ուսումնասիրություն Չինաստանում», «Պրոտեական եսը. Մարդկային դիմադրողականությունը մասնատման դարաշրջանում», «Կոտրված կապը. մահվան և կյանքի շարունակականության մասին»։
Իմ և Ռոբերտի ընկերությունն անբաժանելի է նրա և Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի հանդիպումից՝ մի դրվագ, որը մեծ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության թուրքական ժխտման պատը քանդելու վրա։ Այդ պահին Ռոբերտի հետ մենք միացանք, և ծնվեց մեր վերջին երեսուն տարվա ընկերությունը։ Նրա և թուրք դեսպանի հանդիպման պատմությունը կարող էր լրտեսական վեպի մի մաս կազմել՝ ակադեմիական երանգով։ Երբ 1990թ․-ի հոկտեմբերի 2-ին Ռոբերտը նամակ ստացավ դեսպան Կանդեմիրից, որում նրան հանդիմանում էին Հայոց ցեղասպանության ժամանակ թուրք բժիշկների դերի մասին իր «Նացիստ բժիշկներ» գրքում գրելու համար, որը Հիտլերի կենսաբժշկական սպանությունների ծրագրին ծառայած գերմանացի բժիշկների մասին իր շրջադարձային ուսումնասիրությունն էր, նա զարմացավ։ Բայց... երբ նա տեսավ փաստաթղթերի կույտը ծրարի մեջ, նա ապշեց։ Պատահաբար թե ոչ, ինչ-որ մեկը ներառել էր այս քննադատական նամակին հանգեցրած ամբողջ նամակագրությունը։ Սա իսկական բացահայտում էր։ Գրասենյակի ներքին նամակագրությունը ներառում էր մի քանի էջ պարոն Հելթ Լոուրիից, ով Վաշինգտոն մայրաքաղաքում գտնվող թուրքական կառավարության կողմից ֆինանսավորվող Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրենն է։ Լոուրին երկար հուշագրում գրում է. «Ես գտել և կարդացել եմ Լիֆթոնի «Նացի բժիշկները» գիրքը՝ նպատակ ունենալով հեղինակին ուղղված նամակ կազմել և ներկայացնել ձեր ստորագրության համար … Լիֆթոնը իր ոլորտում ճանաչված հեղինակություն է, ով ակնհայտորեն ոչինչ չգիտի այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» մասին… մեր խնդիրը այնքան Լիֆթոնի հետ չէ, որքան այն աշխատանքների, որոնց վրա հա հիմվում է, Լիֆթոնը պարզապես շղթայի վերջն է»։ Գոհանալով պետության իշխանություններին՝ նա գրում է. «Ես հորդորում եմ
Անկարային նշել, որ Լիֆթոնի գիրքը պարզապես Թուրքիայի կողմից Դադրիանին չարձագանքելու ձախողման վերջնական արդյունքն է» և ուրիշներ։ Այնուհետև Լոուրին կազմեց մի նամակ, որը դեսպան Կանդեմիրին ուղարկեց Լիֆթոնին. «Ես ցնցված էի այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին Ձեր հղումներից», «մոլորված հայ ազգայնականների կողմից կազմակերպված ողբերգական քաղաքացիական պատերազմը» Հոլոքոստի հետ համեմատելը «անհեթեթություն է», և նամակը շարունակվում է անպարկեշտ տոնով՝ ժխտողական հռետորաբանությամբ։
Ռոբերտն ինձ պատմեց, որ երբ դեսպանատնից ստացավ փաթեթը, իր առաջին արձագանքը դեսպանին պատասխան նամակ ուղարկելն էր՝ հայտնելով իր զզվանքը ժխտողական ստերի և դրանց հասցրած վնասի նկատմամբ։ Սակայն, հետո նա որոշեց, որ կարող է ավելի արդյունավետ լինել, եթե միավորի երկու գիտնականների՝ Ռոջեր Սմիթին, ով հեղինակություն է Հայոց ցեղասպանության ոլորտում և Էրիկ Մարկուսենին, ով իր «Ցեղասպանական մտածելակերպ» գրքի համահեղինակն է, որպեսզի նրանք գրեն մի հոդված, որը կվերլուծի ժխտողականության հոգեբանությունն ու ապականությունը։ «Մասնագիտական էթիկան և Հայոց ցեղասպանության ժխտումը» հոդվածը հրապարակվեց Հոլոքոստի ուսումնասիրությունների հանդեսի 1995թ․-ի գարնանային համարում։ Սա անհրաժեշտ տեքստ է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ցեղասպանությամբ և դրանից հետո հանցագործությունների թաքցմամբ։ Այն հասանելի է առցանց և կարևոր ընթերցանյութ է բոլորի համար։
Երբ 1995թ․-ի ապրիլի վերջին ես կարդացի հոդվածը, ընկճված վիճակում էի՝ թուրքական ժխտողականության հետ ևս մեկ փորձության միջով անցնելուց հետո։ Ես փորձում էի կրթել Syracuse Post-Standard-ի խմբագիրներին, ովքեր ստիպված էին դիմակայել թուրք ազգայնականների և թուրքական դեսպանատան զայրացած ժխտողական հարձակումներին՝ իմ «Հիշելով Հայոց ցեղասպանությունը ութսուն տարի անց» հոդվածը հրապարակելուց հետո։ Մեր երկրում ցեղասպանության բոլոր պատկերացումները վարկաբեկելու Թուրքիայի կողմից իրականացվող անդադար հարձակումներից ուժասպառ զգալով՝ ես պայքարում էի հուսահատության դեմ։ Լիֆթոն-Սմիթ-Մարկուսեն համատեղ հոդվածն ինձ մանանա թվաց։ Բարոյական վկայության խորը աշխատություն՝ միաձուլված գիտական աշխատանքի և բարոյական խորհրդածության հետ։ Այն ինձ ավելի կարևոր թվաց, քան ժխտման հարցի վերաբերյալ երբևէ կարդացածս ցանկացած այլ բան։
Ես անմիջապես նամակ գրեցի Ռոբերտ Լիֆթոնին, ում ճանաչում էի միայն համբավով, որում բացատրում էի նրան, որ կցանկանայի հրապարակել իր հոդվածը՝ իմ կողմից կազմված խնդրագրերի հետ միասին, որի նպատակն էր հավաքել հարյուր ականավոր գիտնականների և գրողների, որոնք կհաստատեին Ռոբերտի և Լոուրիի ու դեսպանի հետ հանդիպման բարոյական նշանակությունը։ Ռոբերտը անմիջապես զանգահարեց ինձ և հրավիրեց հանդիպել իր գրասենյակում՝ Մանհեթենի վերին արևմտյան մասում գտնվող Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում։ Մայիսի կեսերին, ուրբաթ առավոտյան, ես մտա նրա գրասենյակ, և նա ինձ դիմավորեց ամուր ձեռքսեղմումով և իրեն բնորոշ հանգստության ու լավատեսական էներգիայի համադրությամբ։ Նա կարդաց իմ խնդրագիրը և այն իրեն դուր եկավ։ Խնդրագրով կոչ էր արվում գործընկեր գիտնականներին և գրողներին դիրքորոշում հայտնել թուրքական ժխտողականության և այս դրամայի մեջ թաքնված մյուս էթիկական խնդրի դեմ, որը կապված էր ԱՄՆ-ում համալսարանական ուսումնական ծրագիրը մանիպուլյացիայի ենթարկելու թուրքական կառավարության ջանքերի հետ։ Թուրքիայի ժխտողական արշավի մեծ մասը կենտրոնացած էր համալսարանների վրա։ Եվ այն, ինչ տեղի էր ունեցել Ռոբերտի կողմից դեսպանից փաթեթը ստանալուց մինչև հոդվածի հրապարակումն ընկած ժամանակահատվածում՝ էլ ավելի պարզ դարձրեց դա։ 1994թ․-ին Հելթ Լոուրին Վաշինգտոն մայրաքաղաքի Թուրքագիտության ինստիտուտում իր պաշտոնից նշանակվեց ավելի բարձր պաշտոնի Փրինսթոնի համալսարանի հիմնադրամային ամբիոն (նա պարծենում էր ամերիկյան համալսարաններում թուրքագիտության ամբիոններ հիմնելու կապակցությամբ), որը կոչվում էր, առանց կատակի, Աթաթուրքի անվան թուրքագիտության ամբիոն, և որը, իհարկե, ֆինանսավորվում էր թուրքական կառավարության կողմից։ Ի՞նչ էր արել Լոուրին, որ արժանացել էր այս հեղինակավոր պատվին, որը նախատեսված է տվյալ ոլորտի ամենաականավոր գիտնականների համար։ Օսմանագիտության ոլորտում դոկտորական աստիճան ստանալուց հետո նա մեկնեց Թուրքիա՝ Ստամբուլի հետազոտական ինստիտուտներից մեկում աշխատելու, այնտեղի համալսարաններում որոշ դասախոսություններ կարդաց և հրատարակեց ժխտողական աշխատություն՝ փորձելով վարկաբեկել ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշագրությունը, որը ներառում էր կարևոր գլուխներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այնուհետև նա վերադարձավ ԱՄՆ՝ Թուրքագիտության ինստիտուտը ղեկավարելու նպատակով։ Նա երբեք պաշտոն չէր զբաղեցրել որևէ ամերիկյան համալսարանում, և ոչ էլ գիրք էր հրատարակել գիտական կամ մասնագիտական մամուլի կողմից։ Հաշվի առնելով այս արձանագրությունը և այն փաստը, որ թուրքական կառավարությունն ու նրա կողմնակիցները ֆինանսավորել էին ամբիոնը, երկրի շատ պրոֆեսորներին այդքան էլ ճիշտ չթվաց։ «Եկեք սկսենք»,- ասաց Ռոբերտը, և մենք զրուցեցինք հաջորդ երկու ժամվա ընթացքում։ Ես նրան ասացի, որ կարծում եմ, որ եթե կարողանանք լույս սփռել այս սկանդալի վրա, կարող ենք բարձրացնել լայն հանրության իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության և թուրքական ժխտողականության մասին այնպես, ինչպես նախկինում երբեք չէր եղել։
Լիֆթոն-Մարկուսեն-Սմիթ հրապարակույմը ավարտվում էր կշռադատելով ժխտողականության ազդեցությունը և այն խթանող գիտնականների ոչ էթիկական ու կարիերիստական մոտիվացիաները։ «Ժխտումը նպաստում է ցեղասպանությանը և շարունակում է ցեղասպանության գործընթացը», «Երբ գիտնականները ժխտում են ցեղասպանությունը՝ վճռորոշ ապացույցների առկայության պայմաններում, նրանք նպաստում են կեղծ գիտակցության ձևավորմանը, որը կարող է ունենալ ամենասարսափելի հետևանքները։ Նրանց ուղերձը, ըստ էության, հետևյալն է. մարդասպանները իրականում չէին սպանել, զոհերը իրականում չէին սպանվել, զանգվածային սպանություններն առերեսման կարիք չունեն… Իրենց միտքը ճշմարտության առջև փակելով՝ գիտնականները նպաստում են այն մահացու հոգեբանա-պատմական դինամիկային, որի դեպքում դիմադրություն չստացող ցեղասպանությունը ծնում է նոր ցեղասպանություններ»։
Մեր «Դիրքորոշում ընդունելով Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման և ակադեմիական ոլորտում գիտական կոռուպցիայի դեմ» խնդրագիրը շատ արագ ու լայն տարածում գտավ։ Ես ունեի իմ ընկերներին ու գործընկերներին ամբողջ երկրով մեկ, իսկ Ռոբերտն ուներ իր ընկերներին ու գործընկերներին, և կային տասնյակ այլ նշանավոր գիտնականներ, որոնց մեզանից ոչ մեկը չգիտեր, բայց ովքեր վրդովված էին այս խորացված կոռուպցիայից և ուրախ էին ստորագրել։ Մի քանի ամիս շարունակ ես հեռախոսազանգեր էի կատարում, ֆաքսեր ու էլեկտրոնային նամակներ էի ուղարկում՝ անուն առ անուն հավաքելով։ Երեկոյան ուշ ժամերին երկար ու կարճ զրույցներ էին լինում։ Բոլոր ստորագրողները արտահայտեցին իրենց խորը բարոյական մտահոգությունը, իսկ շատերը՝ իրենց վրդովմունքը։ Ես զանգահարեցի Ռոբերտի գործընկերներին և ընկերներին՝ Նորման Մեյլերին, Դեյվիդ Բրայոն Դեյվիսին, Ուիլյամ Սլոուն Քոֆինին, Ջուդիթ Հերմանին, Դենիել Էլսբերգին, Քեթրին Բեյթսոնին, Քեթի Քարութին, որովքեր բոլորը ոգևորությամբ ստորագրեցին։ Իմ գործընկերներից և գրողներից ստորագրողների թվում էին՝ Շեյմաս Հինին, Դերեկ Ուոլքոթը, Ալֆրեդ Կազինը, Ռոբերտ Փինսկին, Արթուր Միլլերը, Կուրտ Վոնեգուտը, Ուիլյամը և Ռոուզ Սթայրոնները։ Ես շատ ոգևորվեցի, երբ Սյուզան Զոնտագը ֆաքսով ինձ մեծ «այո» պատասխանեց՝ ուրախ լինելով մի քանի րոպեից ստորագրել։ Կարևոր դեր խաղացին Հոլոքոստի ականավոր գիտնականներ Ռոբերտ Մելսոնը, Ռոջեր Սմիթը, Հելեն Ֆեյնը, Ռաուլ Հիլբերգը, Դեբորա Լիպշտադտը, Դեբորա Դվորկը, Յեհուդա Բաուերը։ Հենրի Լուիս Գեյթսը, Կոռնել Ուեսթը, Էնթոնի Ապիան, Հյուստոն Բեյքերը կարևոր բարոյական կշիռ տվեցին։ Ավելի քան 150 այսպիսի ստորագրողների, թուրքական ժխտողականության և Փրինսթոնում Լոուրիի նշանակման համադրությամբ՝ խնդրագիրը լուսաբանվեց առաջատար մամուլում։
Երբ 1996թ․-ի մայիսին The New York Times-ում հայտնվեց «Փրինսթոնը մեղադրվում է թուրքական կառավարությանը աջակցելու մեջ» վերնագրով հոդված՝ Նյու Յորքի Փրինսթոնի ակումբում իմ ելույթի ժամանակ ամբիոնի մոտ ձեռքս բարձրացրած իմ լուսանկարով, ես հասկացա, որ մեզ լսեցին։ Հաջորդեցին The Boston Globe-ը, LA Times-ը, Chronicle of Higher Education-ը և ուրիշներ։ Լիֆթոն-Լոուրի-Թուրքիայի դեսպանի գործը արմատական փոփոխություն բերեց իրազեկության մեջ, որը նման չէր վերջին ութսուն տարիների ընթացքում տեղի ունեցած որևէ բանի։ Կապիտոլիումի բարձունքի և տեղական մակարդակների օրենսդիրները նույնպես հասկանում էին դա. Թուրքիան մանիպուլացնում էր բարձրագույն կրթությունը, ճնշում էր գործադրում Ամերիկայում կարծիքների ձևավորման վրա և ժխտում էր ցեղասպանությունը։
Ռոբերտի հետ իմ ընկերությունը որոշվեց մեր ընդհանուր մտավոր, քաղաքական և ակտիվիստական նախագծերով ու եռանդով, ինչպես նաև Knicks-ի, Dodgers-ի (նրա թիմը) և Yankees-ի հանդեպ մեր մեծ երկրպագությամբ։ 1995թ․-ից սկսած գրեթե ամեն տարի ես մասնակցում էի նրա ամենամյա չորսօրյա սեմինարին, որը տեղի էր ունենում Քեյփ Քոդի նրա տանը և հայտնի էր որպես «Վելֆլիթի հանդիպումներ», որտեղ հաճախ ներկայացնում էի զեկույց կամ կարդում էի իմ բանաստեղծությունները։ Երբ մենք Ռոբերտի ծննդյան օրը նշում էինք ընթրիքի շուրջ, ինչպես անում էինք գրեթե ամեն տարի, մենք բաժակ էինք բարձրացնում այն աշխատանքի համար, որը մեզ միավորեց 1995թ․-ի գարնանը։
Փիթեր Բալաքյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած «Օզոն Ջորնալ» բանաստեղծական ժողովածուի և «Ճակատագրի սև շունը» հուշագրության, PEN/Albrand մրցանակի դափնեկիր է: Նրա «Նյու Յորք եռագրություն» բանաստեղծությունների ժողովածուն հենց նոր է հրատարակվել: Նա դասավանդում է Քոլգեյթի համալսարանում:
Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հիմնադրվել է 1997 թվականին: Այն 501(c)(3) ուսուցողական բարեգործական կազմակերպություն է Վաշինգտոնում, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրմանը, հետազոտմանն ու հաստատմանը: ANI-ի կայքէջից կարելի է օգտվել անգլերեն, թուրքերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: ANI-ն նաև սպասարկում է Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանը (AGMA):
###
NR#2025-01


